Affichage des articles dont le libellé est politique. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est politique. Afficher tous les articles

vendredi 18 mars 2011

Րաֆֆիի հացադուլը խառնել է իշխանությունների եւ ՀԱԿ-ի խաղաքարտերը


Ազատության հրապարակ այցելելուց հետո անպայման ուզում ես անդրադառնալ այնտեղ հնչող զուռնա-դհոլին ու հենց Րաֆֆի Հովհաննիսյանից մի 10 մետր հեռավորությամբ աշխատող ատրակցիոնին, որը սղոցով փայտ կտրելու ձայն է հանում: Մի քանի րոպե այնտեղ կանգնելուց հետո զգում ես, որ ուղեղդ «սղոցվել» վերջացել է:

Ես գիտեմ, որ Րաֆֆին կարող է դիմանալ առանց ուտելիքի, բայց այս ձայներին եւ զուռնա-դհոլին չի կարողանա դիմանալ: Ոստիկաններն արգելել են վրան դնել. չեն ուզում, ու վերջ: Սա, իհարկե, ոստիկանների որոշելիք հարցը չէ: Վրանի հարցով էլ է երկրի նախագահը զբաղվում:

Հացադուլից հետո Րաֆֆին դարձավ նախ ՀԱԿ-ի, հետո նոր միայն իշխանությունների թշնամին: Նրա այս քայլից անակնկալի են եկել եւ իշխանությունները, եւ ՀԱԿ-ը: Դրա համար երկուսն էլ իրենց մամուլում ուղղակի «ոչնչացնում են» Րաֆֆիին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող «տանել» մի իրավիճակ, որում հիմնական դերակատարումն իրեն չէ վերապահված, քանի որ, բնականաբար, հրապարակի հերոսն ինքը պետք է լինի: Եվ հիմա խախտվել է մի բան. ինքը նույնիսկ չի մտածում Րաֆֆիին մոտենալու մասին, հիմա ինքն ավելի մեծ գործ ունի. ճանապարհ է հարթում դեպի խորհրդարան` դեպի բիզնեսի բորսա:

Ազատության հրապարակի հացադուլակից հատվածում կանգնած` նայում էի Րաֆֆիին մոտեցող մարդկանց: Կարելի է ասել` հոսքը շարունակական է: Րաֆֆիի կողքին նստած՝ որդին ինչ-որ բան էր ընթերցում հոր համար: Խմբերով կանգնած մարդիկ ինչ-որ բաներ են քննարկում: Ամենաաղմկոտը գրողների միության նախկին պահակի խումբն էր. նրա ձայնը երբեմն նույնիսկ խլացնում էր զուռնա-դհոլին:

Երիտասարդների մի խմբում էլ երկու հոգի թեժ վիճում էր. « …Ախպեր, Լեւոնը հեղափոխություն անողը չի, նա թռնող է, Մարտի 1-ին էլ թռավ: Հեղափոխության առաջնորդը ինչի՞ պիտի թռներ, կարա՞ս ասես: Ու հիմա նորից եկել, ասում ես` կլինի, էս ա կլինի: Անցած անգամ ասիր` մարտի 17-ին կլինի: Հիմա էլ ասում ես` ապրիլին: Նենց որ, Լեւոնի անունը մի տուր: Հիմա որ ասում է` Րաֆֆին սխալ է արել, լավ, ընդունենք` սխալ է արել: Էդքան քաղբանտարկյալ կա, դե թող Լեւոնը հացադուլ աներ, ինչո՞ւ չի արել, թող գնա հիմա Նիկոլի համար հացադուլ անի: Ես ճանապարհ եմ ցույց տալիս, թող հավաքվեն Դեմիրճյանով, Արամով, Հովհաննես Հովհաննիսյանով գնան հացադուլ անեն, ես էլ կգամ հետները կնստեմ: Լավ, մի բան անելո՞ւ եք: Հավայի բերելու եք էս սոված ժողովրդին ստեղ, հետո ասելու եք` գնացեք տուն »:

«Տուֆտայություններ են դուրս տալի, ընկեր: Էդ ճանապարհ չի, ի՞նչ հացադուլ անի. հացադուլով հարց չես լուծի: Լեւոնը լավ էլ գիտի. քայլ առ քայլ սրանց թուլացնելու ենք, ու միանգամից է լինելու սրանց քցելը: Հիմա էլ ժողովրդի մեջ տարածում են, որ Լեւոնն իշխանությունների հետ համագործակցում է: Ստեղ են ասել` տո լավ է… , հանցագործների հետ ո՞նց ես պատկերացնում համագործակցելը»,- ասաց մյուս երիտասարդը:

Նրանք շարունակում էին մեկը մյուսին հակադարձել, իսկ ես էդ ատրակցիոնի ու զուռնա-դհոլի ձայնին չդիմացա: